Դեպի վեր
23.04.2019

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Ընդունված փաթեթն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանը, ոլորտի օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը:

Մասնավորապես, սահմանվել է իրական սեփականատեր հասկացությունը եւ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նույնացվել է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց եւ վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

Սահմանվել է նաեւ իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու եւ գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

Ըստ ընդունված փաթեթի՝ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման եւ դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաեւ իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձեւերի վրա:


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /