Դեպի վեր

Ծրագրեր - Հայեցակարգեր

Հայեցակարգեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական եւ այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:

Հայաստանը որդեգրել է կայուն տնտեսական զարգացման քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության համընթաց զարգացում եւ այդ ենթատեքստում էներգետիկան, որպես կարեւորագույն ոլորտ, կոչված է ապահովելու երկրի այնպիսի առաջընթաց, որը բնապահպանական խնդիրների ներդաշնակեցման եւ հավասարակշռման միջոցով նախադրյալներ կստեղծի հաջորդ սերունդների կայուն զարգացման համար` միաժամանակ նվազեցնելով էներգիայի կորուստների մակարդակը:

Մեր երկրի ընդերքի ածխաջրածնային վառելիքի սահմանափակ պաշարների առկայության պայմաններում էներգետիկ ապահովվածության համար հրամայական է դարձել էներգետիկ պաշարների, այդ թվում նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրների (վերականգնվող էներգետիկա) լայնածավալ օգտագործումն ու լիակատար ներառումը վառելիքաէներգետիկ հաշվեկշռի մեջ:

Քանի որ Հայաստանում բացակայում են արդյունաբերական նշանակություն ունեցող սեփական հանածո վառելիքաէներգետիկ պաշարները, էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսության էներգաարդյունավետության բարձրացմամբ, ատոմային էներգետիկայի զարգացմամբ եւ վերականգնվող էներգապաշարների արդյունավետ օգտագործմամբ:

Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

1) տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական սրընթաց զարգացումներով, համաշխարհային տնտեսական ճգնաժամի, ինչպես նաեւ հնարավոր արտակարգ իրավիճակների ու պատերազմի պայմաններում Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության եւ անվտանգության ապահովմամբ,

2) Եվրամիության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տարածաշրջանում իրականացվող տարածաշրջանային ծրագրերին մեր երկրի պատշաճ ներգրավվածության ապահովմամբ,

3) վառելիքաէներգետիկ ռեսուրսների երկարաժամկետ ռազմավարական պաշարներ ստեղծելու կարեւորությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Վերականգնվող էներգետիկայի զարգացումը, որի ճյուղն է հանդիսանում հիդրոէներգետիկան, ՀՀ կառավարության գերակայություններից է: Հայաստանի Հանրապետությունում հիդրոէներգետիկայի զարգացման հեռանկարային ծրագրերը, այդ թվում հիդրոէլեկտրակայանների (ՀԷԿ) կառուցումը եւ թիրախային այլ ցուցանիշները ամրագրվել են ՀՀ մի շարք իրավական ակտերում:

Հայեցակարգում ներկայացված են նաեւ ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերը, ինչպես նաեւ հիդրոէներգետիկայի զարգացման տեսլականը հայեցակարգում ներկայացված է նաեւ Էլեկտրաէներգետիկ համակարգում կարգավարման առանձնահատկությունների համատեքստում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության բնական պաշարների կառավարման հայեցակարգ ի մշակումընպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման եւ պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը եւ ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգը ձեւակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները եւ խնդիրները, ինչպես նաեւ բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման եւ արդիականացման ուղղությունները:

Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձեւավորումը եւ զարգացումը` երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա եւ ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով։

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը մշակել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը: Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության եւ ռազմավարության մշակման համար:

Հայեցակարգում ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները:


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /