Դեպի վեր
26.03.2019

Գարեգին Բաղրամյանի՝ Գերմանիա այցի ընթացքում քննարկվել է հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հնարավորությունը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով քառօրյա աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Այցի նպատակն էր էներգետիկ քաղաքականությանը, մասնավորապես վերականգնվող էներգետիկայի ռազմավարության մշակմանը, ոլորտի զարգացմանը եւ կարգավորմանը, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ, վերաբերող հարցերի քննարկումը:

Այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների, Էկոնոմիկայի եւ էներգետիկայի դաշնային նախարարության, «Քամու էներգիա» դաշնային միավորման, Էներգետիկայի եւ ջրային տնտեսության դաշնային միավորման, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի, NEXT Kraftewerke-ի (շուկայի օպերատոր), Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՈ), Ներդրումների եւ տեխնոլոգիաների խթանման գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ ներդրումային ծրագրերը, տեղի է ունեցել նաեւ փորձի եւ տեղեկատվական նյութերի փոխանակում: Գերմանական կողմի հետ քննարկվել է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, հողմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության հնարավորությունը։


AltStyle によって変換されたページ (->オリジナル) /