էներգետիկա - Համակարգի ընկերություններ - «ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԲԸ
«Երեւանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թվականին: 1997 թվականին ստեղծվել է «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 1959 թվականին Խորհրդային Միության «Տեպլոէլեկտրոպրոյեկտ» ինստիտուտի կողմից: Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երեւանի հարավային արդյունաբերական հանգույցում: Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961 թվականին: Երեւանի ՋԷԿ -ի թվով յոթ տուրբոագրեգատներից առաջինը՝ 50 ՄՎտ հզորությամբ առաջին տուրբինային տեղակայանքը շահագործման է հանձնվել 1963 թվականին, իսկ վերջինը՝ 1967 թվականին:
Փաստորեն, Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թվականին Երեւանի ՋԷԿ-ի գործարկումով: Այդ ժամանակ Երեւանի ՋԷԿ-ն իրենից ներկայացնում էր 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից (երկու К-150-130 կոնդենսացիոն տիպի էներգաբլոկներ, երկու ТГМ-94 կաթսայական ագրեգատներ յուրաքանչյուրը 500 տ/ժ արտադրողականությամբ) եւ 250 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորությամբ ոչ բլոկային մասից (չորս ПТ-50-130/13 եւ մեկ Р-50-130/13 ջերմաֆիկացիոն տիպի տուրբիններ, հինգ ТГМ-84 կաթսայական ագրեգատներ՝ յուրաքանչյուրը 420 տ/ժ արտադրողականությամբ) բաղկացած խառը տիպի կայան՝ ունենալով ընդհանուր առմամբ 7 ագրեգատ 550 ՄՎտ էլեկտրական եւ 630 ԳԿալ/ժ ջերմային հզորություն: Կառուցման ծախսերի նվազեցման նպատակով կատարվել էր եզակի նախագծային մոտեցում. ընտրվել էր բաց տիպի հարմարադասավորում, սակայն էլեկտրակայանի հետագա շահագործման ընթացքում պարզվեց, որ տեղի բնակլիմայական պայմաններում դա տնտեսապես աննպատակահարմար լուծում էր:
Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները եւ օժանդակ սարքավորումները ենթարկվել են ֆիզիկական եւ բարոյական էական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները, որի հետեւանքով բնականաբար զգալիորեն ընկել է կայանի շահագործման հուսալիությունը եւ էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության արդյունավետությունը: Բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր կվտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար կայանում ծախսվում էր մոտ 372 գրամ պայմանական վառելիք` պարտադրելով էլեկտրաէներգիայի բավականին բարձր ինքնարժեք:
Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան (ՀՇԳՑԷ)
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի ղեկավարությունը բնական գազի այրմամբ գերժամանակակից համակցված շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի կառուցման միջոցով ձեռնամուխ են եղել Երեւանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով երկարատեւ բանակցություններից հետո եւ ծանրակշիռ հիմնավորումների ներկայացման արդյունքում 2005թ. մարտի 29-ին Հայաստանի հանրապետության կառավարության եւ միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) (ներկայումս՝ ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն՝ ՃՄՀԳ) միջեւ ստորագրվել է ARM-P2 Փոխառության Համաձայնագիրը «Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ: Նշված համաձայնագրի հիման վրա ՄՀՃԲ -ն ՀՀ կառավարությանը տրամադրել է զարգացման պետական աջակցության (ԶՊԱ) վարկ արտոնյալ պայմաններով՝ 0,75 % տարեկան տոկոսադրույքով եւ 40 տարի մարման (որից 10 տարին արտոնյալ) ժամկետով` հատկացնելով 15 918 միլիոն ճապոնական իեն: Համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2005թ. հուլիսի 27-ին:
Համաձայնագրով նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաքի միակ ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան 205 ՄՎտ անվանական հզորությամբ եւ 103 ԳԿալ/ժ ջերմության առաքմամբ, որի նպատակն էր բարձրացնել ՀՀ -ում էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունը եւ նպաստել Հայաստանի հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանմանը:
Ինչպես պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ եւ ճապոնական ԶՊԱ վարկերի շրջանակներում նախագծերի իրագործման համար ՄՀՃԲ –ի ցուցումներին համապատասխան, նախագծի Խորհրդատուի եւ գլխավոր Կապալառուի ընտրություններն իրականացվել են միջազգային մրցույթների միջոցով: Նպատակ ունենալով ապահովել մրցութային առաջարկների գնահատման բարձր արդյունավետություն ու գնահատման ստույգ եւ արժանահավատ արդյունքներ, «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ -ի ղեկավարությունը պարբերաբար անցկացրել է համապատասխան մասնագիտական սեմինարներ:
Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) նախագծի իրականացման համար որպես Խորհրդատու ընտրվել է ճապոնական «Tokyo Electric Power Service Co., Ltd.» (TEPSCO) ընկերությունը, որն արտասահմանում համանման էլեկտրակայանների կառուցման մեծ փորձ ունի: 2005թ. դեկտեմբերի 12-ին«Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի եւ «TEPSCO» խորհրդատվական ընկերության միջեւ ստորագրվել է խորհրդատվական ծառայությունների տրամադրման վերաբերյալ No.YCCPP C/S 01 պայմանագիր 843 150 000 ճապոնական իեն գումարով:
Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) նախագծի համար Գլխավոր կապալառուի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել «Mitsui & Co., LTD» (Ճապոնիա) եւ «GS Engineering and Construction Corp.» (Կորեայի Հանրապետություն) ընկերություններից կազմված կոնսորցիումը,որի հետ էլ «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ -ն 2007թ. սեպտեմբերի 30 –ին կնքել է Գլխավոր կապալի No. YCCPP ARM-P2 TK/C 06 001 CA պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2007թ. դեկտեմբերի 21-ին: Որպես կայանի կարեւորագույն բաղադրամասերի (գազատուրբին, գեներատոր եւ օժանդակ սարքավորումներ) արտադրող՝ Երեւանի ՀՇԳՑԷ նախագծի համար տեխնիկական առաջատար է հանդես եկել շվեյցարական հեղինակավոր «ALSTOM» ընկերությունը:
Մրցույթի արդյունքում Գլխավոր կապալի պայմանագրային բանակցությունների ժամանակ Պայմանագրի գինը կազմել է 24 538 081 000 ճապոնական իեն: Քանի որ Փոխառության Համաձայնագրով շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարը բավարար չէր, իսկ Երեւանի ՀՇԳՑԷ նախագծի իրականացումը խիստ կարեւոր էր Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ կառավարությունը դիմեց ՄՀՃԲ -ին Համաձայնագրում փոփոխություն կատարելու՝ գումարի ավելացման խնդրանքով: 2008թ. մայիսի 27-ին ստորագրվեց ARM-P2 Փոխառության Համաձայնագրի փոփոխությունը, որի համաձայն ՄՀՃԲ -ն ավելացրեց հատկացվող գումարի չափը 10 491 միլիոն ճապոնական իենով: Այսպիսով վարկի ընդհանուր գումարը կազմեց 26 409 միլիոն ճապոնական իեն:
Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցման աշխատանքների հիմնարկեքը տեղի է ունեցել 2008թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի, ՀՀ –ում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, «GS Engineering & Construction Corp.» ընկերության նախագահի, «Mitsui & Co., LTD» ընկերության փոխնախագահի եւ «TEPSCO» ընկերության նախագահի, ինչպես նաեւ ՀՀ նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
2010թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը:
Այսպիսով, Երեւանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցումն իրականացվեց «բանալի» սկզբունքով (նախագծումից մինչեւ շահագործման հանձնում)` 28 ամսվա ընթացքում՝ նախագծի իրականացման համար ՄՀՃԲ-ի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն: Նման բան, ինչպես ՄՀՃԲ –ի համապատասխան պաշտոնյաներն ու փորձագետներն են նշում, հազվադեպ է տեղի ունենում ՃՄՀԳ ԶՊԱ վարկերի շրջանակներում իրականացվող բարդ նախագծերի դեպքում:
Երեւանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի հետեւյալ տեխնիկական բնութագրերը.
Դրվածքային ընդհանուր հզորությունը՝ 271,7 ՄՎտ, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ:
Հիմնական սարքավորումներն են՝
Շվեյցարական «Alstom» ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբին 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36,4% օգտակար գործողության գործակցով:
Ճապոնական «Fuji» ընկերության արտադրության ջերմաֆիկացիոն շոգետուրբին 63 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ, 103,7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ:
Կորեական «SEC» ընկերության արտադրության ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) երկակի ճնշմամբ:
Նոր էներգաբլոկում պայմանական վառելիքի տեսակարար միջին ծախսը կազմում է մոտ 200 գ/կՎտժ՝ կախված շահագործման ռեժիմներից, այսինքն Հայաստանում գործող ավանդական ջերմաէլեկտրակայանների համեմատությամբ նոր էներգաբլոկը մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է մոտ երկու անգամ պակաս վառելիք (բնական գազ): Նշված հանգամանքն առանձնահատուկ ու վճռական նշանակություն է ստանում՝ նկատի առնելով բնական գազի գնի անընդհատ բարձրացումը:
Նոր էներգաբլոկը կապահովի ՀՀ էներգահամակարգի ավելի բարձր հուսալիություն, աշխատանքային առավելագույն ռեժիմներում բեռի գրաֆիկի ավելի լավ ծածկում, էլեկտրաէներգիայի փոխհոսքերի օպտիմալացում՝ կրճատելով էլեկտրական էներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում:
Նոր էլեկտրակայանի շահագործման ու տեխնիկական սպասարկման անձնակազմն անհամեմատ փոքրաթիվ է: Էլեկտրակայանի կառավարումն աշխատանքային բոլոր ռեժիմներում լիովին ավտոմատացված է: Նախատեսված է կայանի միացման հնարավորությունը նորագույն «SCADA» համակարգի հետ:
Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը, տասնյակ անգամ կրճատվել են ծծմբական թթվի եւ կաուստիկ սոդայի ծախսվող քանակները: Զգալիորեն նվազել է արտանետումների մակարդակը: Այսպես՝ ազոտի օքսիդներինը (NOx) նվազել է 9 անգամ, ածխաթթու գազինը (CO2)՝ ավելի քան 2 անգամ, ածխածնի օքսիդինը (CO)՝ մոտ 38 անգամ, ինչպես նաեւ խմելու որակի ջրի ծախսը՝ ավելի քան 3 անգամ:
Հանդիսանալով հանրապետության մայրաքաղաքի միակ ջերմաէլեկտրակայանը, Երեւանի ՋԷԿ-ը երկար տարիներ ի վեր ապահովել է Երեւանի հարավային արդյունաբերական շրջանի ձեռնարկությունների տեխնոլոգիական մատակարարումը 25 եւ 13 մթնոլորտ ճնշման գոլորշիով, ինչպես նաեւ Շենգավիթ եւ Էրեբունի համայնքների բնակելի թաղամասերի կենտրոնացված ջեռուցումը տաք ջրի մատակարարման միջոցով: Վերակառուցումից հետո այն շատ ավելի արդյունավետ կերպով կծառայի Հայաստանի հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման կարեւորագույն առաքելությանը:
Գլխավոր տնօրեն ՝ Սասուն Սաշայի Խաչատրյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երեւան, 0053, Արին Բերդի 3, նրբ. 3
Հեռ՝ +374 (11) 472-760
Ֆաքս՝ +374 (11) 472-771
Կայք՝ http://www.yccpp.com
Էլ. փոստ՝ yerevantpp@yahoo.com